ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Շատ կարևոր է «հետախուզական ծանոթացումն» այն տեղանքին, ուր պատրաստվում եք մեկնելու»

«Շատ կարևոր է «հետախուզական ծանոթացումն» այն տեղանքին, ուր պատրաստվում եք մեկնելու»
09.07.2015 | 12:04

Ամառային արձակուրդի՝ հանգստի, օդափոխության բոլորն են ձգտում: Զգուշանալու կարիք կա՞: Ինչպե՞ս զերծ մնալ կլիմայական փոփոխությունից, արևի կիզիչ ճառագայթների բացասական ազդեցությունից:

«Իրատեսի»-ի հարցերին պատասխանում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

-Հանգիստը մարդու բնականոն կյանքի կարևոր բաղադրիչն է: Հանգստի տեսակի ընտրությունը կախված է տվյալ մարդու նախասիրությունից: Շատ կարևոր է, այսպես ասած, «հետախուզական ծանոթացումն» այն տեղանքին, ուր պատրաստվում եք մեկնել: Համացանցի օգնությամբ դա շատ դյուրին է: Ծանոթացեք բնակլիմայական պայմաններին, հանգստի ժամանակահատվածում սպասվող եղանակի տեսությանը` ճիշտ հագուստի ընտրության նպատակով: Ծանոթացեք նաև տվյալ երկրի խոհանոցին: Սա ոչ պակաս կարևոր է: Քիչ չեն դեպքերը, երբ մարդու օրգանիզմը` անծանոթ, անպատրաստ լինելով սննդին, բուռն արձագանք է տալիս (սննդային ալերգիաներից մինչև թունավորումներ): Ծանոթացեք նաև տվյալ երկրում հանդիպող էնդեմիկ հիվանդություններին: Ճշտեք, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ, ինչ ախտանիշներով է այն ընթանում, հարկ եղած դեպքում բժշկի օգնությանը դիմելու համար: Առողջական քրոնիկ խնդիրներ ունեցող մարդկանց վրա կարող է վատ անդրադառնալ կտրուկ օդափոխությունը, հետևաբար նման խնդիրներ ունեցողները պետք է հանգստի մեկնելուց առաջ խորհրդակցեն իրենց բժշկի հետ:
-Ինչպե՞ս ամռանը մաշկը պաշտպանել արևի վնասակար ազդեցությունից: Միշտ ասում ենք, որ արևի ճառագայթները վնասակար են, բայց, մյուս կողմից, արևը պետք է օրգանիզմին, ենթադրում եմ նաև մաշկին: Ինչպե՞ս պահպանել բալանսը:
-Արևը, իհարկե, բավականին օգտակար հատկություններ ունի օրգանիզմի համար, մասնավորապես վիտամին D-ի սինթեզի հարցում: Էսթետիկ տեսանկյունից արևայրուքն ինքնին հաճելի տեսք է տալիս մարդուն: Այն նաև նորաձև է, պահանջված հատկապես կանանց շրջանում: Սակայն «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունն ավելի քան տեղին է, երբ խոսքը վերաբերում է արևի ճառագայթներին, մասնավորապես ուլտրամանուշակագույն սպեկտրին: Սա կարևոր է նաև առողջական տեսանկյունից:
Չնայած բազմաթիվ հորդորներին, խորհրդատվությանը, միևնույն է, ամռան ամիսներին հաճախ ենք առնչվում արևային արևայրուքների հետ, ուստի ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս նշել. մաշկի մգացումը օրգանիզմի բնականոն գործառույթն է, այն պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից: Ծովափնյա հանգստի մեկնելիս ցանկալի է ունենալ երկու արևապաշտպան միջոց: Հանգստի սկզբի օրերին խորհուրդ է տրվում օգտագործել ավելի բարձր արևապաշտպան հատկությամբ միջոցներ, քանի որ հենց այդ շրջանում է արևային այրվածք ստանալու վտանգն ավելի մեծ: Պաշտպանիչ միջոցները պաշտպանում են մաշկը, միևնույն ժամանակ մելանոցիտների կողմից սինթեզվում է մելանին պիգմենտը, ինչն էլ ապահովում է մաշկի գույնի մգացումը, ասել է թե` ունենում ենք անվնաս արևայրուք: Մաշկի մգացմանը զուգահեռ կարելի է անցնել արդեն ավելի թույլ հատկությամբ արևապաշտպանների: Առանձնահատուկ մոտեցում է պետք է ցուցաբերել երեխաների, առավել բաց գույնի մաշկ ունեցող, ինչպես նաև մաշկային խնդիրներ (այդ թվում՝ խալերի առաջացման հակում) ունեցող անձանց նկատմամբ: Ցանկալի է, որ նրանք մինչև հանգիստը խորհրդակցեն մաշկաբանի հետ` կարիքի դեպքում հատուկ միջոցներ ձեռք առնելու նպատակով:
-Օրվա ո՞ր ժամերին պետք է խուսափել արևի ճառագայթներից:
-Արևի լոգանքը ցանկալի է ընդունել մինչև առավոտյան ժամը 11:00-ը և երեկոյան 17-18-ից հետո: Կեսօրին, երբ Արեգակը գտնվում է զենիթում, արևային լոգանքներն արգելվում են: Ծովափնյա հանգստի դեպքում ոչ պակաս կարևոր է, որ արևապաշտպան միջոցն ունենա նաև ջրակայուն հատկություն, հակառակ դեպքում, ամեն լողալուց հետո կարիք կլինի այն թարմացնելու:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Երբեք ավելորդ չի ունենալ առաջին բուժօգնության համար նախատեսված պայուսակ ու տարրական գիտելիքներ դրանց տիրապետելու համար: Հարկ է, այն առաջինը դնել ճամփորդական պայուսակի մեջ, բայց այնպես, որ հասանելի տեղում լինի և կարիքի դեպքում` արագ գտնեք:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ